Իրաքում ու Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարը հաջողություններ է գրանցում՝ ահաբեկիչները անցել են պաշտպանության: Սակայն նոր կոնֆլիկտներ են ի հայտ գալիս, որ կարող են կործանարար հետևանքներ ունենալ: «Ամերիկացիների ռազմական զսպվածության հաշվին վակուում առաջացավ, որ ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակով միայն մեծացավ: Օբաման կաղ բադիկ է, իսկ Թրամփը իշխանությունը դեռ չի ընդունել»՝ ասում է Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Աբդել Մոտալեբ ալ Հուսեյնին: «Որոշ խաղացողներ կարծում են, որ անհրաժեշտ պահը հասել է՝ վերանայելու տարածաշրջանի քաղաքական քարտեզը»: Փորձագետը նշել կատարված փոփոխությունները.
• Եգիպտոսը մոտ է Սաուդյան Արաբիայի հետ դաշինքը խզելուն:
• Սաուդյան Արաբիան աստիճանաբար կորցնում է առաջատար դերն արաբական աշխարհում:
• Իրանը տեսնում է իր ազդեցությունը ընդլայնելու և Սաուդյան Արաբիայի հետ պատմական պայքարում հաղթելու հնարավորությունը:
• Սիրիայի բռնակալ Բաշար Ասադը այլևս մեկուսացման մեջ չէ:
• Ռուսաստանն ուզում է ամրապնդել իր իշխանությունը տարածաշրջանում:
• Թուրքիան սկսում է ավելի ակտիվ միջամտել:
Փորձագետի խոսքով՝ խոսքը պայթյունավտանգ խառնուրդի մասին է: Նա զգուշանում է Թուրքիայի ու Ռուսաստանի հնարավոր առճակատումից: «Էրդողանը հաղթանակի հնարավորություն է տեսնում քրդերի նկատմամբ և իր օգտին սահմանների փոփոխություն»՝ ասում է Հուսեյնին: Սակայն փորձագետը դժվարությամբ է պատկերացնում, որ Պուտինը դա կընդունի:
Ցանկացած պահի կարող է առճակատում լինել
Էրդողանը, թվում է, պատրաստ չէ փոխել սիրիական քաղաքականությունը: Նա ամենասկզբից ձգտում էր Ասադի տապալմանը, սակայն Ռուսաստանը աջակցում է բռնակալին: «Ցանկացած պահի կարող է ուղիղ առճակատում սկսվել Թուրքիայի ու Սիրիայի միջև»՝ ասում է Հուսեյնին: Անցած շաբաթ, թուրքական տվյալներով, սիրիական ռազմաօդային ուժերի հարվածներից սպանվել է թուրք չորս զինվոր: Սակայն սիրիական բանակը հազիվ թե ի վիճակի է ռազմական գործողություններ անցկացնել առանց ռուսական կողմի աջակցության: «Ես դժվարությամբ եմ պատկերացնում, որ սիրիական բանակը գրոհել է առանց ռուսների պաշտպանության: Դա նրանց համար չափազանց վտանգավոր կլիներ»՝ ասում է փորձագետը:
Թուրքիան օգոստոսի վերջից սիրիացի աշխարհազորայինների հետ հարձակողական գործողություններ է իրականացնում ԻՊ-ի դեմ Սիրիայի հյուսիսում և միաժամանակ փորձում է ճնշել քրդերին: Թուրքիայի նախագահի տարբեր արտահայտություններ մտածել են տալիս, որ նա փորձում է ընդլայնել իր երկրի սահմանները: Նա, ի թիվս տարբեր հայտարարությունների, ասել է, որ Թուրքիայի հիմնադիր հայրերը ծնվել են սահմանի այն կողմում: Հուսեյնին չի կարծում, որ ռուսները կընդունեն թուրքերի էքսպանսիան: Կարո՞ղ է գործը հասնել երկու երկրների ուղղակի ռազմական առճակատման: Այս պահին դժվար է գնահատել գործողությունների դինամիկան ցամաքում, սակայն պարզ է, որ ի վերջո, առճակատում է լինելու՝ կամ ուղղակի, կամ ուրիշի ձեռքերով պատերազմի տեսքով: Որքան են երկու երկրների հարաբերությունները բարդ, պարզ դարձավ, երբ թուրքական ռազմաօդային ուժերը խփեցին ռուսական ինքնաթիռը անցած տարվա նոյեմբերին:
ՆԱՏՕ-ն կաջակցի՞
Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Կարո՞ղ է Արևմուտքը ներքաշվել Ռուսաստանի հետ կոնֆլիկտի մեջ: Հուսեյնին այդ տարբերակը քիչ հավանական է համարում: «Չեմ կարծում, որ այդ դեպքում ՆԱՏՕ-ն Թուրքիային կաջակցի: Էրդողանը իր պատերազմը մղում է դաշնակիցների կամքին հակառակ, նա հետապնդում է քրդերին, որոնց հետ համագործակցում է ԱՄՆ-ը և սեպ է խրում բոլորի հետ հարաբերություններում: Հազիվ թե Արևմուտքը պարի նրա դուդուկի տակ»: Թուրքիան բարդ իրավիճակում է: Եթե դարասկզբին Թուրքիան վարում էր հարևանների հետ զրո պրոբլեմներ քաղաքականություն, հիմա իր շուրջը բազում պրոբլեմներ է կուտակել: «Էրդողանը հիմա թշնամիներով է շրջապատված»՝ ասում է Հուսեյնին: Սիրիայի պատերազմում նա ամենասկզբից ներկայանում էր Ասադի դեմ, որ դեռ պահպանում է իշխանությունը: Իրաքում թուրքական ռազմական ներկայության պատճառով Անկարան կիսապատերազմի մեջ է: Եգիպտոսում աջակցեց մուսուլման եղբայրներին, որ հեռացվեցին իշխանությունից: Հավելեք քրդերի հետ կոնֆլիկտը: Փորձագետի կարծիքով՝ Էրդողանը գերագնահատեց իրեն. «Նա Թուրքիայի մեծ կայսրության ուտոպիան ունի, վտանգը մեծ է, որ Էրդողանը իր ուժերը չի հաշվարկել: Շատերն են իշխանության գալով կորցրել իրականության զգացումը: Էրդողանի դեպքում, ցավոք, այդպես է»: Դա կարող է կործանել տարածաշրջանում կայունության վերջին մնացորդները: «Տարածաշրջանի գլխավոր վտանգը հիմա ԻՊ-ը չէ, որի դիրքերը թուլանում են, այլ նոր կոնֆլիկտները, որ ամեն տեղ ծագում են»՝ զգուշացնում է Հուսեյնին:
Հ.Գ. BBC-ին հաղորդում է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարայի դիրքորոշումը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նկատմամբ «պարզ է և մնում է նախկինը»: Երեքշաբթի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարեց, որ Սիրիայի Ազատ բանակի հետ թուրքական բանակը Սիրիայում 2016-ի օգոստոսից իրականացնում է «Եփրատի վահան» գործողությունը Ասադին տապալելու համար: Կրեմլում այդ հայտարարությունը անվանեցին անսպասելի: Հինգշաբթի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Ալանիայում մամլո ասուլիսում Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Անկարան աջակցում է Ռուսաստանի դիրքորոշմանը՝ Հալեպում և Սիրիայի մնացած տարածքում հրադադարի հաստատման անհրաժեշտության մասին, հաստատեց թուրքական ղեկավարության վերաբերմունքը Ասադի նկատմամբ:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունը, ընդգծեց, որ Ռուսաստանը ելնում է Թուրքիայի հետ պայմանավորվածություններից, այլ ոչ թե «առանձին դեմքերի հայտարարություններից»: Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը կշարունակի մարտական գործողությունները արևելյան Հալեպում՝ քաղաքն ահաբեկիչներից ազատելու համար: Հինգշաբթի օրը Պուտինի օգնական Յուրի ՈՒշակովը ասել էր, որ Էրդողանը Պուտինին հեռախոսազրույցում բացատրել է Բաշար Ասադին տապալելու մասին իր խոսքերը, ում Ռուսաստանը համարում է Սիրիայի լեգիտիմ նախագահ և իր դաշնակից: Սակայն ՈՒշակովը չճշտեց, թե ի՞նչ է բացատրել Էրդողանը: Կրեմլի մամլո ծառայությունը հաղորդեց, որ Վլադիմիր Պուտինը թուրք գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը Հալեպում և Սիրիայում: Խոսակցության բովանդակության մասին՝ համարյա ոչինչ. նախագահները շարունակել են «սիրիական պրոբլեմի շուրջ մտքերի փոխանակությունը, այդ թվում` Հալեպի իրավիճակի մասին»: ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը ևս լրագրողների հետ զրույցում հեռախոսազրույցի փակագծերը չբացեց, սահմանափակվելով հերթապահ արտահայտությամբ՝ Պուտինի ու Էրդողանի միջև «տեղի է ունեցել մտքերի լայն փոխանակություն»:
Այսքանից հետո չի՞ մնում եզրակացնել, որ ոչ Պուտինը Էրդողանի հետ հեռախոսազրույցում, ոչ Թուրքիայի նախագահի հայտարարության հաջորդ օրը Թուրքիա մեկնած ԱԳ նախարար Լավրովը Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններում չեն ստացել ցանկացածը՝ Էրդողանը թույլ է տվել լեզվի սայթաքում և նրա նպատակը Սիրիայում Բաշար Ասադին տապալելը չէ, այլ միանգամայն հակառակը՝ թուրքական կողմը պնդել է նախագահի հայտարարությունը, ու հիմա մնում է սպասել, թե Թուրքիան և Ռուսաստանը Սիրիայում երբ ու ինչպես են բախվելու իրար: Դա արդեն երկրորդ ու շատ ավելի լուրջ հարվածն է թիկունքից Պուտինին Էրդողանի ձեռքով: Կրեմլը չի նահանջի՝ Պուտինը այսքանից հետո չի հանձնի Բաշար Ասադին, Էրդողանը պիտի գտնի ելքը՝ ինչպես հասնել հայտարարված նպատակին՝ առճակատման մեջ չմտնելով Ռուսաստանի հետ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ